
Հայաստանի ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինին։ Հանդիպմանը բնականաբար քննարկվել է Արցախի դեմ սանձազերծված պատերազմն ու դրա ահաբեկչական բնույթը՝ հաշվի առնելով Թուրքիայի ներգրաված ահաբեկիչների հանգամանքը՝ որպես ռեգիոնալ անվտանգության ու կայունության սպառնալիք:
Պաշտոնական Թեհրանը պատերազմի սանձազերծումից ի վեր շատ հստակ է արտահայտվել թե՛ հրադադար հաստատելու, թե՛ Իրանի սահմանին որևէ սպառնալիք թույլ չտալու և թե՛ հատկապես ահաբեկչական սպառնալիքների անթույլատրելիության մասին: Ամբողջ հարցն այն է, սակայն, թե այդ հայտարարությունները գործնական քաղաքականության դաշտում ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ՝ հաշվի առնելով մի առանցքային հանգամանք՝ այս պատերազմի հետևում մենք գործ ունենք ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի հետ: Հետևաբար որքանո՞վ է Իրանը ի վիճակի կոշտ քայլեր անելու կամ իրապես առարկայական զգուշացում հնչեցնելու Անկարայի հասցեին, որը փաստորեն վերածել է Ադրբեջանը ահաբեկչական ճամբարի և պատերազմի գործիքի:
Ավելին, չնայած Իրանի զգուշացումներին՝ այսօր տեղեկություն է տարածվել, որ Ադրբեջանին սահմանակից Արդաբիլ նահանգում ընկել է անօդաչու: Ըստ դեռևս ոչ պաշտոնական աղբյուրների՝ խոսքը իսրայելական «Հարոպ» տեսակի հետախուզական օդաչուի մասին է, որոնցից առկա են ադրբեջանական զինանոցում: Այն, որ անօդաչուն Ադրբեջանից է, չկա որևէ կասկած: Հարցն այն է՝ միտումնավո՞ր է հայտնվել Իրանի երկնքում, և Իրանի ՀՕՊ համակարգը պարզապես խոցել է այն՝ առայժմ չբարձրաձայնելով պաշտոնական մակարդակում, թե՞ անօդաչուն պատահաբար է անցել Իրանի սահման: Եթե միտումնավոր է, իսկ դա, մեղմ ասած, հավանական է, քանի որ խոսքը անմիջական մարտական գործողությունների հարևանությամբ շրջանի մասին չէ, և հետևաբար օպերատորը չէր կարող չնկատել, որ անօդաչուն անցել է Արաքսը, ապա դա բացահայտ թշնամական գործողություն է Իրանի նկատմամբ, և անօդաչուները լռելյայն խոցելը հազիվ թե Իրանին օգնի կանխարգելել հետագա սադրանքները:
Եվ ընդհանրապես, այն, ինչ արել է սեպտեմբերի 27-ին Թուրքիան՝ Բաքվի միջոցով, ռեգիոնում գործնականում ջնջել է սահմանները, և բացարձակապես այնպես չէ, թե Արցախի վրա եկած անօդաչուն սպառնալիք չէ Իրանին: Այդ իմաստով հատկանշական է հանդիպումը Հայաստանի ՊՆ-ում Իրանի դեսպանության ռազմական կցորդի հետ, որովհետև Հայաստանը, Արցախն ու Իրանն այսօր ունեն մեկ ընդհանուր մարտահրավեր: