
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին պահպանել հրադադարն ու նստել բանակցության: Այդ կոչը նա արել է «Թվիթեր»-ում: Պոմպեոյի այդ կոչը, սակայն, ավելի շուտ ընդգծել է արցախյան գոտում Թուրքիայի սանձազերծած պատերազմում ոչ թե ԱՄՆ աշխույժ միջնորդական ջանքը, այլ հակառակը՝ պասիվությունը: Պատերազմի արդեն երկու շաբաթների ընթացքում ԱՄՆ-ն մեկ-երկու անգամ է անդրադարձել իրավիճակին բարձր մակարդակով: Մի անգամ նախագահ Թրամփն է հայտարարել, թե լավ հարաբերություն ունեն Կովկասում բոլորի հետ և «տեսնենք, կարո՞ղ ենք դադարեցնել դա», և հիմա գործնականում պետքարտուղար Պոմպեոն է անում հայտարարություն: Եղել է նաև Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունների հանգամանքը: Ինչո՞ւ է ԱՄՆ-ն պասիվ, հաշվի առնելով թե՛ Մինսկի խմբի համանախագահ լինելու հանգամանքը, թե՛ նաև այն, որ Թուրքիան ՆԱՏՕ անդամ է, իսկ ԱՄՆ-ն՝ ՆԱՏՕ անվիճելի առաջատար:
Վաշինգտոնը համարում է, որ այս պատերազմը, հակամարտությունն ու ռեգիոնը չե՞ն շոշափում իր համար կենսական շահեր և, ըստ այդմ, չարժե փորձ անել դիմել Թուրքիային և պահանջել միջամտության դադարեցում, թե՞ Վաշինգտոնը սպասում է իր պահին: Անկասկած է, որ Թուրքիայի վրա լայն իմաստով կարող է ազդել մեկ պետություն և դա ԱՄՆ-ն է: Մյուս կողմից կասկածից վեր է, որ այստեղ խոսքը մանկապարտեզի դաստիարակ-երեխա հարաբերության մասին չէ, և Թուրքիային դադարեցնել կամ չմիջամտել կոչելու պարագայում, Վաշինգտոնը պետք է թերևս ինչ-որ բաներ քննարկի Անկարայի հետ: Եվ այստեղ է, որ գալիս է հարցը՝ արդյո՞ք համարում են, որ Կովկասի այս ապակայունացումը իրենց չի հետաքրքրում կամ վտանգում այնքան, որ, կայունության համար միջամտելով, մնան Թուրքիային շատ, թե քիչ «պարտքի տակ»: Մենք էլ չենք խոսում Իսրայելի՝ ԱՄՆ մյուս դաշնակցի մասին, որն այս ապակայունացման մեկ այլ խորքային շահառու է: Ընդ որում, այստեղ է նաև, որ Թրամփը գուցե այնքան էլ վատ չի համարում Իրանի հյուսիսային սահմանի ապակայունացումը՝ Իսրայելի հետ ներդաշնակ ռազմավարությամբ համարելով, որ դա Թեհրանի վրա ճնշման լավ տարբերակ է: Չի բացառվում, որ ԱՄՆ սեփական ուժի հարցում վստահ, անկախ որևէ ուժային հարաբերակցությունից համոզված է, որ ունի իրավիճակին ցանկացած դեպքում միջամտելու և լայն ազդեցություն ապահովելու ռեսուրս ու կարողություն: Հնարավոր է, որ կա նաև շատ ավելի պարզ պատճառ՝ Թրամփը զբաղված է ընտրության խնդրով, որը շատ բարդ խնդիր է նրա համար: ԱՄՆ-ն, թերևս, իր պատմության ամենաբեկումնային փուլերից մեկում է, երբ խոսքը պարզապես նախագահի ընտրության մասին չէ, այլ, թերևս, երկրի ճակատագրի:
Նահանգները այժմ անցնում է իսկապես կատակլիզմների մեծ ռիսկով լեցուն ներքին մի փուլ և հնարավոր է, որ հատկապես գլոբալ քաղաքականությունից և անվտանգությունից հեռու, ավելի շատ աշխարհը գործարար աչքով չափող Թրամփը հաշվարկել է, որ պետք չէ որևէ չափի էներգիա և ուշադրություն վերցնել ներքին խնդիրներից և կենտրոնացնել կովկասյան ուղղությամբ: Սա, թերևս, հիանալի հաշվարկել է և Թուրքիան՝ Բաքվին պատերազմի մղելով հենց այն պահին, երբ ԱՄՆ-ում նախագահի ընտրության գործընթացը մոտենում է գագաթնակետին: Դա, թերևս, իրավիճակը ԱՄՆ ներգործությունից «ապահովագրելու» լավագույն շրջանն էր Անկարայի համար, որն էլ փորձեց օգտագործել: Որովհետև, խոշոր հաշվով, այն, ինչ անում է այժմ Թուրքիան, որևէ հաջողության դեպքում լայն խնդիր է լինելու նաև ԱՄՆ համար: Որովհետև, եթե Անկարան սկսեց էական տարածումը դեպի Արևելք, ապա այստեղ Նահանգները կարող է կանգնել թուրք-չինական մի վտանգի առաջ: Իրանի խնդիրն այդ իմաստով չափազանց փոքր է, դրա հաշվարկով Կովկասի թուրքական ապակայունացումը լռության մատնելու համար: Պոմպեոյի հայտարարությունը կարո՞ղ է վկայել այն մասին, որ ԱՄՆ սկսում է ուշադրության տակ վերցնել այստեղ տեղի ունեցողը, թե՞ հակառակը: